«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

«Մսով ճաշի սինդրոմը»՝ պետության քանդման մեթոդ

«Մսով ճաշի սինդրոմը»՝ պետության քանդման մեթոդ
17.04.2025 | 11:35

Վերջին օրերին լրահոսի առանցքային թեման 2024 թվականի բյուջեի կատարողականն է, որի հետ կապված հնչեցին տարբեր մեկնաբանություններ։ Սակայն Փաշինյանի կողմից առանձնացված մի դրվագ գրեթե դուրս մնաց քաղաքական դիսկուրսից։ Խոսքն այն թեզի մասին է, թե «մսով ճաշ ուտելը բարեկեցության ցուցիչ չէ»։ Ինչպես միշտ, Նիկոլի հռետորաբանության կենտրոնում այս անգամ ևս ուտելիքն է, և համեմատականները արվում են հենց այդ տիրույթում։

Ըստ էության, «մսով ճաշը» դարձել է իշխանության կողմից կիրառվող գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Այն ներկայացվում է որպես կուլտ, որով փոխարինվում է ինստիտուցիոնալ կառավարումը՝ կենսաբանական գոյատևման նվազագույն օժանդակությամբ։ Փաշինյանական իշխանությունը հետևողականորեն նվազեցնում է պետականության իմաստը՝ վերածելով այն մատուցող ծառայության։ Երբ քաղաքացուն միս են առաջարկում՝ փոխարենը խլելով անվտանգությունը, ազատությունը և պատմական հիշողությունը, սա այլևս ոչ թե բարեգործություն է, այլ քաղաքական մանիպուլյացիա։

Արցախի հանձնումից հետո, երբ պետությունն այլևս ի վիճակի չէ ապահովել իր տարածքային ամբողջականությունն ու քաղաքացիների անվտանգությունը, հասարակությանն առաջարկվեց «մսով ճաշ»՝ որպես լռության դիմաց տրվող պարգև։ Նույն մոդելը կիրառվեց նաև «խաղաղության դարաշրջանի» կեղծ թեզի ներքո։ Քաղաքացիներին բացատրվեց՝ եթե լռեք ու ոչինչ չպահանջեք, կապրեք հանգիստ, կուտեք միս, ամեն ինչ կդզվի։

Ավելին, Սահմանադրության փոփոխության հարցում ևս նույն «մսով ճաշի» սինդրոմն է գործում՝ քաղաքացիներին առաջարկվում է մոռանալ անցյալը, Անկախության հռչակագիրը, Արցախի հարցը՝ փոխարենը խոստացվում է «խաղաղություն» ու «զարգացում», բայց՝ առանց բովանդակության։

Այսօր, երբ հայաստանյան կառավարիչները հայտարարում են, թե հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, ակնհայտ է դառնում, որ այդ քայլի գլխավոր նախապայմանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը, պարզապես հանվել է օրակարգից։ Սա ոչ թե դիվանագիտություն է, այլ պատմության վաճառք՝ մեկ ուտեստի գնով։ Հասարակությանը փաստացի ասում են՝ մի հիշեք ձեր նախնիների կոտորածը, մի պահանջեք արդարություն, փոխարենը կունենաք մի փոր հաց, զբոսաշրջիկ ու լոլիկ։

Իսկ իրականությունն այն է, որ մսով ճաշը երբեք չի կերակրում պետությունը։ Այն պարզապես պահում է ամբոխին՝ քաղցի շեմից վերև, բայց արժանապատվության շեմից՝ խորը ներքև։ Սա կործանարար սինդրոմ է, որի նպատակը մտածող քաղաքացուն վերածելն է լուռ սպառողի, իսկ պետականությունը՝ ցածրորակ սպասարկման կենտրոնի։ Երբ պետականության ողնաշարը կոտրվում է մի փոր հացի դիմաց, մենք դադարում ենք լինել սուբյեկտ՝ մնալով որպես խոհանոց ինքնիշխանության շորով։

Ամփոփելով՝ երբ պետությունն ստանում է այսքան պարզունակ սահմանում, իսկ քաղաքացին՝ այդքան իջեցված դերակատարություն, քաղաքականությունը վերածվում է քայքայման գործիքի, իսկ իշխանությունը՝ պետություն չունեցող իշխանության։ Այսօր Հայաստանը վերածվել է ճաշարանի, որտեղ Ցեղասպանության հարցն անգամ հանվել է մենյուից՝ որպես խայթող ճշմարտություն։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1993

Մեկնաբանություններ